Posted in Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Ահա և վերջ։ Առաջին ուսումնական շրջանը մոտեցավ իր ավարտին։ Այս ուսումնական շրջանի ընթացքում ունեցել եմ մի շարք նոր ձեռքբերումներ, ձեռք եմ բերել նոր ընկերներ։ Սկսել եմ էլ ավելի լավ սովորել և հիմնականում կենտրոնացված եմ այն առարկաների վրա, որոնք իմ ապագա մասնագիտությանն անհրաժեշտ են։ Քանի որ մենք այս տարի տեղափոխվեցինք 10-րդ դասարան, հնարավորություն ստացանք ընտրելու 3 առարկա, որոնցով շատ ենք հետաքրքրված, և որոնք մեզ հետագայում անհրաժեշտ են լինելու։ Որպես ապագա թուրքագետ, ես ընտրել եմ թուրքերեն, պատմություն և անգլերեն առարկաները։ Իմ ձեռքբերումները հիմնականում կապված են այս առարկաների հետ, այդ իսկ պատճառով անդրադառնալու եմ հիմանականում այս առարկաներին։ Այս ուսումնական շրջանի ընթացքում իրականացրել եմ մի շարք նախագծեր, մասնակցել եմ քննարկումների, կլոր սեղանների և ձեռք եմ բերել նոր գիտելիքներ։ Թուրքերեն առարկայից ամենահաջողված նախագծերն են՝ «Թուրքական պատմական հեռուստասերիալները եվ ֆիլմերը որպես պաշտոնական քարոզչության միջոց», «Hemşen. Համշենի նախագիծ», «Թուրքերեն-հայերեն փոխառություններ»։ Ընտրությամբ պատմություն առարկայի շրջանակներում ոչ միայն նախագծեր ենք կատարել, այլև մասնակցել ենք մի շարք քննակումների, կլոր սեղաններ, անգամ նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը մասնակցել ենք «Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին», որը կազմակերպել էին Երևանի պետական և Հայկական պետական մանկավարժական համալսարանները։ Քանի որ ես արդեն ընտրությամբ պատմություն առարկայից հաշվետվություն կազմել եմ, հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ և ուսումնասիրել իմ մյուս աշխատանքներն այս առարկայից։ Անգլերեն առարկայից նույնպես կատարել ենք հետաքրքիր նախագծեր, նաև նախագծի շրջանակներում մասնակցել ենք քայլքի։ Անգլերենի հաջողված նախագծեր եմ համարում «Radio programme. AM radio», «Typical dish. Shawarma», «Festivals around the world. La tomatina», «Unusual hotels. Giraffe Manor» նախագծերը։ Բացի այդ, ցանկանում եմ նշել, որ սկսել եմ ավելի լավ սովորել անգլերեն և փորձում եմ խոսակցականս ավելի զարգացնել։ Այսքանը իմ սիրելի առարկաների մասին, իսկ հիմա մի փոքր էլ ամփոփեմ մնացած առարկաները։ Պետք է նշեմ, որ այս ուսումնական շրջանում սկսել եմ մաթեմատիկա ավելի լավ հասկանալ։ Քանի որ հայոց լեզվի և գրակնության հետ երբեք խնդիր չեմ ունեցել, կարող եմ միայն նշել, որ բոլոր դասերին պատրաստ եմ եղել և միշտ ակտիվ։ Գրականություն առարկայից շատ հետաքրքիր նախագիծ ենք իրականացրել, որը ցանկանում ենք ամփոփել ներկայացմամբ։ Արևմտահայ գրող Զահրատի բանաստեղծությունները պետք է ներկայացնենք ներկայացման տեսքով։ Կատարածս աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հասարակագիտության դասաժամերին բազմաթիվ թեմաներ ենք քննարկում, սակայն ամենահետաքրքիրը հոգեբանությանը վերաբերվող թեմաներն են։ Հոգեբանություն ուսումնասիրելով ինձ համար բացահայտել եմ մի նոր աշխարհ, և սկսել եմ ամեն ինչին այլ կերպ նայել։ Այս տարի մենք նոր առարկա ենք անցնում՝ էկոլոգիա։ Սկզբում կարծում էի, որ այդքան էլ հետաքրքիր առարկա չի լինի, բայց չարաչար սխալվում էի։ Իրականում էկոլոգիան շատ հետաքրքիր առարկա է։ Այս առարկայից շատ հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել։ Օրինակ՝ «Ջուրը մեր կյանքում», «Մալապասի պատնեշը», «Նավթի, բնական գազի և ածուխի համեմատումը» և այլ նախագծեր։ Ցանկանում եմ ամփոփումս ավարտել Ավագ դպրոցի համար շատ կարևոր մի իրադարձության մասին պատմելով։ Դեկտեմբերի 17-ին Մայր դպրոցի մարմարյա սրահում տեղի ունեցավ Ավագ դպրոցի ավարտական Մեդիաուրբաթը։ Սա իմ առաջին Մեդիաուրբաթը չէր, բայց սա առաջին Մեդիաուրբաթն էր, որին մասնակցում էի որպես Ավագ դպրոցի սովորող։ Մեր Մեդիաուրբաթն ուղղակի հրաշալի անցավ։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր կազմակերպված։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք ընտանեկան և ջերմ միջավայրում։ Դե, երևի այսքանով ավարտեմ ամփոփումս, քանի որ եթե սկսեմ ամեն ինչի մասին մանրամասն պատմել, անվերջ կարող եմ պատմել։ Շատ մեծ սպասելիքներ ունեմ մյուս ուսումնական շրջանի հետ կապված, և հուսով եմ, որ սպասելիքներս կիրականանան։