Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Վանո Սիրադեղյան 75․ նախապատրաստական աշխատանք

Վանո Սիրադեղյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Վանո Սիրադեղյան
Չհիշվող պատերազմ
Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր
Ձեռ ես տվել՝ խաղա
Հայ պատմիչներ, ջան պատմիչներ
Երկիր։Ցպահանջ…
Քանի դեռ Հայաստանը դիմանում է

Թերևս Վանո Սիրադեղյանն ամենաառեղծվածային քաղաքական գործիչն է, ում մասին լսել եմ։ Այս տարի կլրանար նրա 75 ամյակը, սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Վանո Սիրադեղյանը բավականին մեծ գործունեություն վարած գործիչներից մեկն է։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Քանի որ շուտով Վանո Սիրադեղյանի 75 ամյակն է լրանալու, կազմակերպվել է կլոր սեղան, որին մասնակցելու է նաև մեր խումբը։ Կլոր սեղանից առաջ փոքրիկ նախապատրաստական աշխատանքը երբեք չի խանգարում։ Որպեսզի քննարկմանն ավելի պատրաստ լինեմ, ես ուսումնասիրել եմ Վանո Սիրադեղյանի մի քանի հոդվածներ, չնայած նրան, որ ես իր հոդվածներից մի քանիսին արդեն ծանոթ էի։

Սիրադեղյանի հոդվածների մեծամասնությունը վերաբերում է քաղաքականությանը։ Այդ հոդվածները միշտ ունենում են հետաքրքիր ենթատեքստ։ Պետք է նշեմ, որ քաղաքականությանը վերաբերվող հոդվածներ, ստեղծագործություններ չեմ սիրում, քանի որ քաղաքականությունը չի հետաքրքրում ինձ, բայց Սիրադեղյանի հոդվածներն ինձ դուր են եկել։ Իմ ճանաչած գրող-հրապարակախոսներից երևի միակը նա է, ով իր հոգին և զգացմունքները ներդրել է այս հոդվածներում։ Սիրադեղյանի հոդվածները կարդալով հասկանում ես, թե ինչ է նա այդ պահին զգացել, քանի որ ամեն մի զգացմունք յուրահատուկ ձևով ներկայացված է հոդվածում։ Նա իր վերաբերմունքն է արտահայտել քաղաքական գործիչների, իշխանությունների հանդեպ։ Սիրադեղյանի հոդվածններն ուսումնասիրելով կարող ենք շատ բաներ բացահայտել Հայաստանի և Հայաստանի քաղաքականության մասին։ Ցավոք սրտի Սիրադեղյանը ներկայիս քաղաքականության մասին ոչինչ չի խոսել, քանի որ 20 տարի առաջ դուրս եկավ քաղաքական ասպարեզից և անհետ կորեց, իսկ հետո իմացանք նրա մահվան մասին։

Հայ պատմիչներ, ջան պատմիչներ

Ի՞նչ երաշխիք կա, որ այսպես չի եղել։ Չէ՞ որ վերջին 12 տարիների (արդեն՝ 22֊ Լ․ Ա․) իրադարձությունների ընթացքն ու դրա պատմագրումը այնքան նման չեն իրար, որքան երկու տարբեր ժողովուրդների պատմությունը կամ նույն ժողովրդի տարբեր ժամանակաշրջանների պատմությունները։ Ինչի՞ց է երեւում, որ հին հայերը կարող էին ավելի խելացի եղած լինել, քան ժամանակակից հայը։

Ձեռ ես տվել՝ խաղա

Այնինչ, դուք արդեն թռնում եք, «ազգայիններս»։ Այդպես է, երբ բերանը չափ չի ունենում, ոտքերը պիտի պատրաստ լինեն ամեն պահ ծլկելու։ Միայն թե պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ մեր քրֆես ու փախչես։ Ոչ էլ «ազգային ազատագրական» ղաչաղություն, որ քրդի մի կով որպես մսացու մորթելու դիմաց հայկական մի գյուղ մատնես մորթվելու եւ սարով անցնես մյուս գավառ։ Իսկ դուք, «փրկիչներս», պետության ներքին ու արտաքին հարաբերությունները իջեցրիք Ցախի Մեյդանի հայաթի (լակոտական) կռվի մակարդակին։ Երկիրը դարձրիք Թուլեքի Թագավորություն։

Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր

Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվեք դեպի խոսափողները եւ մի մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետեւ եթե ձեզ բերել են այդտեղ, ուրեմն ինչ աստիճանի պիտի իջեցված լինի խոսքի արժեքը։ Բղավեք եւ բառաչեք անկաշկանդ, որովհետեւ ինչ ձայն էլ հանեք, դա կլինի ազգի, հայրենիքի, ժողովրդի եւ, իհարկե, «նվազագույն ախոռի» մասին: Կովի ձեր անմռունչությամբ արածեք ձեր խոտը, կերեք ձեր սիլոսը՝ մինչեւ տրաքվելը, իսկ մնացածը տրորեք։ Տրտինգ տվեք Հայաստանի կանաչ դաշտում, արեք՝ ինչ անում է անտեր յոնջայի արտը ընկած անտեր կովը, բայց մի՛ մտեք մեր հայոց լեզվի տաճարը, դա միակ բանն է, որ մնացել է մեզ։

Քանի դեռ Հայաստանը դիմանում է

Մեր հազարուկեսամյա պատմությունը ցույց է տալիս, որ չի լինում։ Եթե 1500 տարին քիչ է եղել դա հասկանալու համար, 100 օրը չի օգնի։ Այնպես որ, պետք է ժամանակ տալ կառավարիչներին։ Հնարավորություն տալ փորձել «կոշտ» տարբերակը։ Եվ հնարավորություն չտալ ձախողումը բարդել ուրիշների վրա։ Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում տան Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։ Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment