Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Լուսաբանում

Մի անգամ Հայաստանի պատմության թանգարանում․․․

«Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակներում մենք բազմաթիվ արտագնա պարապմունքներ ենք ունեցել, նաև թանգարանային այցելություններ ենք իրականացրել։ Այս անգամ հերթը հասավ Հայաստանի պատմության թանգարանին։ Դեկտեմբերի 7-ին «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբով այցելեցինք Հայաստանի պատմության թանգարան, որտեղ հնարավորություն ունեցանք տեսնելու մարդկության պատմության Քարի դարից մինչև Նոր ու նորագույն շրջանի գտածոներ, մասունքներ, որոնք պեղվել էին Հին Արտաշատի, Մեծամորի, Դվինի, Շենգավիթի և այլ հնավայրերից։

Մեր արտագնա պարապմունքի շրջանակներում շրջեցինք 5 հիմնական սրահներով՝ Քարի դարի, Արտաշատի գտածոների, Դրվագներ ինքնության /Զարդեր/, Զենքի /Պայքար և մշակույթ/, Գորգերի /Ինքնություն/։ Սկսեցինք Քարի դարի սրահից։ Ցանոթացանք Պլեյստոցենի ժամանակաշրջանում առաջացած, ի դեպ ամենավաղ, Հոմոէրեկտուսի հետ, որը հնացած մարդու անհետացած տեսակ է։ Սրահում ցուցադրված էին նախնադարյան մարդկանց օգտագործած զենքերի տեսակներ, փղոսկրերից պատրաստված ասեղներ, որոնցով կարել են կոշիկ ու հագուստ և մի շարք այլ գտածոներ։ Մոռացա նշել, որ աշխարհի ամենահին կոշիկը, որն ունի 5500 տարվա պատմություն և հայտնաբերվել է Արենիում, նույնպես ներկայացված էր այս սրահում։ Ոչ միայն տեսանք այդ կոշիկի բնօրինակը, այլև հնարավորություն ունեցանք դիպչելու կրկնօրինակին։

Քարի դարի սրահը մի լավ ուսումնասիրելուց հետո, շրջեցինք Արտաշատի գտածոների սրահով։ Այստեղ ամփոփված էին պատմական մայրաքաղաք Արտաշատից հայտնաբերված գտածոներ՝ խեցեղեն, զենքեր, Արտաշեսյան թագավորության արքաների դիմապատկերներով արքայական դրամներ, դրոշմակնիքներ։ Այստեղ էր ամփոփված նաև հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության և ողջախոհության դիցուհի Աթենասի մարմարյա արձանը։

Քարի դարի և Արտաշատի գտածոների սրահներում շրջելուց հետո, հերթը հասավ Զարդերի սրահին, որն, ըստ իս, ամենագեղեցիկն ու ամենատպավորիչն էր։ Այստեղ ցուցադրված էին 18-20-րդ դարերի զարդեր՝ ականջօղեր, ապարանջաններ, վզնոցներ, որոնք մարդիկ կրել են առօրյա կյանքում կամ որևէ կարևոր արարողության ժամանակ։ Սրահում տեղ էին գտել նաև տարազների 2 օրինակներ։ Առաջին տարազն Արևմտյան Հայաստանից էր՝ Վանի և Վասպուրականի շրջաններից, իսկ երկրորդն Արևելյան Հայաստանից՝ Արցախի և Սյունիքի շրջաններից։ Ինձ ավելի շատ տպավորեց Արցախի և Սյունիքի շրջանների տարազը, քանի որ գունային առումով ավելի գեղեցիկ էր, իսկ զարդերը, որոնք տարազին մեկ այլ գեղեցկություն էին հաղորդել, ճիշտ ընտրված։ Արևմտյան Հայաստանի տարազն ասեղնագործված էր և կարմիրի երանգներով, ինչն ինձ այդքան էլ դուր չեկավ։ Այս սրահով շրջելիս ևս մեկ անգամ համոզվեցի, որ հայերը բավականին բարձրաճաշակ են եղել։ 200-300 տարի առաջ այնպիսի զարդեր են կրել, որոնք հիմա մենք տեսնում ենք և ցանկություն է առաջնում դրանք կրելու։

Հետաքրքիր էր նաև ուսումնասիրել Զենքերի սրահը։ Այս սրահում ներկայացված էին հին դարերից մինչև նոր դարերում մարդու կողմից գործածված զենքեր ու զինատեսակներ։ Տեսնելով տարիների ընթացքում զենքերի կրած փոփոխությունները՝ տարբերությունն ակնհայտ երևում էր։ Զենքերի սրահն էլ ավելի տպավորիչ դարձրեց մարշալ Հովհաննես Բաղրամյանի հագուստն ու զենքերը։ Հագուստն ամբողջովին պատված էր մարշալի հերոսական շքանշաններով։ Սրահում տեղ էին գտել նաև այլ պետությունների կողմից Հայաստանի պատմության թանգարանին նվիրված զենքերն ու զինատեսակները։

Մեր դասընթացի շրջանակներում վերջին սրահը Գորգերի և կարպետների սրահն էր։ Այստեղ ցուցադրված էին հայկական գորգերի և կարպետների տարբեր օրինակներ։ Նույնիսկ սրահում տեղ էր գտել Վիշապագորգի մեկ օրինակ, որն այնքան գեղեցիկ տեսք ուներ։ Քանի որ որդան կարմիրն անհետացման եզրին է կանգնած, գորգերի և կարպետների գույները վերականգնելու կամ գունային տարբեր երանգներ ստանալու համար օգտագործվում է տորոն։ Որպես գորգագործությամբ զբաղված մարդ, կարող եմ ասել, որ գորգ գործելը բավականին բարդ, դժվար և ժամանակատար աշխատանք է, սակայն, երբ ավարտում ես աշխատանքը և նայում գորգին, հասկանում ես, որ այդ ժամանակն անիմաստ չես օգտագործել։ Այնքան գեղեցիկ և գունեղ սրահ էր, որ բառերը չեն բավականացնի նկարագրել տեսածս։

Հիմնական 5 սրահներով շրջելուց հետո, ծանոթացանք նաև թանգարանում ժամանակավորապես ցուցադրվող «Հին Մեծամոր»․հայ-լեհական արշավախմբի 10-ամյա պեղումների արդյունքներին,  ինչպես նաև հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի լուսանկարների ցուցադրությանը։ Ինձ շատ տպավորեց Գագիկ Հարությունյանի լուսանկարների ցուցադրությունը, քանի որ ցուցադրված նկարները չափազանց գեղեցիկ էին, իսկ ոճը՝ յուրահատուկ ու տարբերվող։

Այսքանով ավարտվեց մեր արտագնա պարապմունք-դասընթացը, որն աննկարագրելի հետաքրքիր անցավ։ Նոր գիտելիքներով, տեղեկություններով, էմոցիաներով և տպավորություններով լցված՝ ավարտում եմ պատումս և անհամբեր սպասում առաջիկա արտագնա դասընթաց-պարապմունքներին։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment