Posted in Գարնանային նախագծեր, Գարնանային նախագծեր․Մարտ

Ես մի զարկն եմ քո բազկի

Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ:
Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած:
Սա է իմ հայրենիքը: Այստեղ եմ ծնվել ես: Այս լեռներից հոսող սառնորակ ջրից եմ իմ ծարավը հագեցնում: Այս լեռներից եմ ես ուժ ստանում: Այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է ինձ սնում: Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ: Ո՞ր հողի վրա կանգնելիս կարող եմ ըմբոստանալ թշնամու դեմ, ինչպես Արշակը՝ Շապուհի: Հիշեցի Համո Սահյանի խոսքերը.
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ գնամ…
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Այո, իմ Հայրենիքը ե՛ս եմ: Իմ երազանքները, իմ ուրախությունները, իմ տխրությունները, իմ անցյալը, իմ ներկան, իմ ընտանիքը, իմ առաջին թոթովանքը, իմ ընկերները. բոլորն այստեղ են՝ այս հողի վրա: Ես իմ նաիրյան երկրի սրտից եմ պոկված: Անգամ ուրիշ աշխարհներում էլ լինեմ՝ իմ սիրտը ա՛յս լեռներում է, ա՛յս երկնքի տակ: Այնտեղ՝ հեռուներում, իմ սիրտը հազիվ կթպրտա, ինչպես վանդակն ընկած փոքրիկ թոչնակը:
Պայծառ է իմ հայրենի երկինքը, ջերմ է նրա արևը, ու այդ ջերմությունից սիրտս բոցավառվում է սիրով, գորովանքով հանդեպ իմ հայրենիքը: Դարերի խորքից եկած, իմաստնացած այս ժողովուրդը երբեք չի հոգնի. արարում է, սիրում և, ամենակարևորը, հավատում: Ես էլ եմ հավատում: Հավատում եմ, որ մաքառելով ու պայքարելով իմ հայրենիքը պիտի էլի դարեր ապրի, էլի պիտի թշնամիներին դուրս վռնդենք, քանզի ե՛ս եմ զարկը քո բազկի, հայրենի՛ք: Ինձ նման քանի՜ զարկեր հավաքվելով բռունցք են դառնալու քո թշնամու դեմ:
Ես մի ծիլն եմ քո այն արտի, որի հազարավոր ծիլերը պիտի հասկ տան, հասակ առնեն ու դառնան քո ապագան:
Ինչպես գրել է Պ. Սեւակը.
 Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: 

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment