Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Մի անգամ Մեծամորում․․․

Մարտի 15-ին Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբերով հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացրինք արտագնա պարապմունք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Դեռ անցյալ ուսումնական տարվանից ծրագրել էինք այս արտագնա պարապմունքը։ Երբևիցե չէի եղել «Մեծամոր» հնագույն արգելոց-թանգարան և ինձ շատ էր հետաքրքրում, թե ինչ է այնտեղ ցուցադրվում։ Թանգարանի բակն արդեն իսկ շատ գրավիչ էր։ Մեզ դիմավորեց մեր էքսկուրսավարը, որից հետո սկսեցինք շրջել թանգարանում։ Թանգարանի առաջին հարկում ներկայացված էին այն ցուցադրությունները՝ հիմնականում խեցեղեն, որոնք վերաբերում էին վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Շատ գեղեցիկ և տպավորիչ առարկաներ կային։ Առաջին հարկում էր ամփոփված նաև մեկ հնագույն մարդու կմախք՝ Ալֆրեդը։ Այն տղամարդու կմախք էր և ուներ 3,5-4 հազար տարվա վաղեմություն։ Հնավայրում շատ կմախքներ են հայտնաբերվել և, այդ իսկ պատճառով, հնագետները կմախքներին անուններ են տվել, ինչպես օրինակ Ալֆրեդին։

Թանգարանի ամենատպավորիչ և ամենագեղեցիկ հատվածը նկուղային հարկն էր։ Անկեղծ ասած, հավատս չէր գալիս, որ ես Հայաստանում գտնվող թանգարանում եմ։ Կարծես արտերկրում գտնվող մի թանգարանում լինեի։ Այս հարկում ներկայացված էր Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ։ Շատ գեղեցիկ էր։ Բացի այդ, այս հարկի մեկ այլ սենյակում դիտեցինք կարճամետրաժ ֆիլմ՝ «Մեծամորի գանձերը», որում հետաքրքիր կերպով ներկայացված էին այն եզակի արժեքները, որոնք տարբեր ժամանակներում հայտնաբերվել են Մեծամորի տարածքում։ Երկրորդ հարկում ներկայացված էին զարդեղեն, ծեսերի ժամանակ օգտագործվող աքսեսուարներ և այլ հետաքրքիր խեցեղենի օրինակներ: Թանգարանի ներսում շրջելուց հետո, դուրս եկանք թանգարանի հարակից տարածքում շրջելու։ Էքսկուրսավարը ցույց տվեց հնավայրում պահպանված աստղադիտարանը, միջնաբերդը, կացարանների հետքեր, քարե քարտեզը։

Թանգարանում մի լավ շրջելուց հետո ուղևորվեցինք «Զվարթնոց» տաճար, որը միջնադարի շքեղ կառույցներից մեկն է։ Մի փոքր շրջեցինք տաճարի տարածքում, որից հետո փոքրիկ շրջայց իրականացրինք թանգարանում, և այդպես էլ ավարտեցինք մեր հետաքրքիր արտագնա պարապմունքը։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment