Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց

Հասարակագիտական ստուգատես 2023․ ամփոփում

2023 թվականի մարտի 1-ին կրթահամալիրում մեկնարկեց հասարակագիտական ամենամյա ստուգատեսը, որը տևեց մինչև ապրիլի 7-ը։ Որպես «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորող, ստուգատեսի շրջանում ես մասնակցել եմ մի քանի կլոր սեղանների, քննարկումների, արտագնա պարապմունքների և հանդիպումների։

Ստուգատեսը սկսեցինք տիար Բլեյանի հետ զրույց-քննարկմամբ։ Քննարկման թեման էր՝ «Մեր փորձը և կրթական համակարգի մարտահրավերները»։ Տիարը կիսվեց իր կարծիքով, որից հետո սովորողները նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը, որոնց տիարը սիրով պատասխանեց։ Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 15-ին այցելեցինք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Շատ հետաքրքիր և օգտակար ճամփորդություն էր։

Մարտի 17-ին կայացավ իմ հետազոտական աշխատանքի պաշտպանությունը։ Սա իմ առաջին պաշտպանությունն էր, բայց ես հավուր պատշաճի ներկայացա և պաշտպանեցի աշխատանքս։ Մարտի 20-ին Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում տեղի ունեցավ կլոր սեղան, որի ընթացքում Միջին-Ավագ դպրոցների սովորողները և Քոլեջի ուսանողները ներկայացան Տիգրան Հայրապետյանի հոդվածների ընտրանու վերլուծություններով։ Մարտի 21-ին անցկացվեց բոլորիս կողմից շատ սիրված ինտելեկտուալ մրցաշարը, որի ընթացքում ընդամենը մեկ միավորի պատճառով մեր թիմը գրավեց 2-րդ հորիզոնականը։

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում իրականացվեց բանավեճ-քննարկում հայ-թուրքական հարաբերությունների և վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Ես, որպես թուրքերենի ընտրությամբ խմբի անդամ, ուսումնասիրել էի, թե ինչ վերաբերմունք ունեն հայ և թուրք հասարակությունը Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացելու և հարաբերություններ կառուցելու հարցի շուրջ։ Այստեղ կարող եք կարդալ իմ կատարած ուսումնասիրությունը։

Հասարակագիտական ստուգատեսը մոտեցավ իր ավարտին, որը պատրաստվում ենք ամփոփել պրիլի 12-ին կլոր սեղանի տեսքով, բայց մինչ ընդհանուր ամփոփում անելը, ես ցանկանում եմ կիսվել իմ կարծիքով․

Ըստ իս, 2023-ի հասարակագիտական ստուգատեսը բավականին հետաքրքիր, բուռն և արդյունավետ անցավ։ Հատկապես հետաքրքիր գաղափար էր հասարակագիտական առարկաներից հետազոտական աշխատանք կատարած սովորողների աշխատանքները ստուգատեսի շրջանակում պաշտպանելը։ Ամփոփելով խոսքս՝ նշեմ, որ կցանկանամ, որպեսզի 2024-ի հասարակագիտական ստուգատեսը նույնպես կազմակերպվի և իրականացվի նույն կերպ, սակայն էլ ավելի շատ հանդիպումներ ներառելով։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment