Posted in Գրականություն

Պարտուսի գերին․ Վանո Սիրադեղյան

«Պարտուսի գերին»

Վերջերս ընթերցեցի Սիրադեղյանի «Պարտուսի գերին» պատմվածքը և շատ հավանեցի այն։ Այս պատմվածքն այնքան էլ սովորական և հասարակ պատմվածք չէր, չնայած, որ այստեղ ներկայացված էր մի հասարակ տղայի՝ Հենդոյի պատմությունը։

Հենդոն վատ էր սովորում, շա՜տ վատ։ Իր վատ սովորելու պատճառով մի քանի տարի է, ինչ նույն դասարանում էր մնում։ Բոլորն արդեն հուսալքվել էին, որ Հենդոն մի օր իր գիտելիքներով դպրոցը կավարտի։ Բոլոր առարկաներից երկուսներ էր ստանում։ Միգուցե վատ էր սովորում, ծույլիկ էր, հայոց լեզուն, գրականությունը, օտար լեզուները և մաթեմատիկան իրենը չէին, սակայն կար մի առարկա, որում Հենդոն իսկական վարպետ էր։ Խոսքը «աշխատանք»-ի մասին է։ Հենդոն այս առարկայից միշտ հինգ էր ստանում, փայլում էր իր ունակություններով։ Պարզ երևում էր, որ փայտագործությունն իրենն էր, քանի որ ամենայն հաճույքով էր այդ գործն անում՝ շինում էր, քանդում, նորոգում։ Հենդոյի ծնողներն էլ էին շատ լավ հասկանում, որ գիտությունը Հենդոյի համար չէ։ Արհեստն է Հենդոյինը։ Միշտ ոգեշնչվում էին «աշխատանք»-ից ստացած 5-երով և մնացած երկուսներին մեծ ուշադրություն չէին դարձնում։ Հենդոն ոչ միայն հաճույքով էր այդ ամենն անում, այլև փայլուն արդյունքներ էր գրանցում։ Սակայն մի օր Հենդոն բախվեց անարդարության։

Հայոց լեզվից, գրականությունից, օտար լեզուներից և մնացած առարկաներից երկուսներ ստանալուց բացի, երկուս էր ստացել նաև իր շատ սիրելի «աշխատանք»-ից։ Սա Հենդոյին շատ տխրեցրեց և հիասթափեցրեց։ Հենդոն ոչ մի կերպ չէր ուզում ընդունել այդ երկուսը, քանի որ մի քանի օր առաջ էր նորոգել բոլորի դասասեղաններն ու աթոռները։ Նա ջանք չէր խնայել, աշխատել էր, վերանորոգել էր դասընկերների սեղան, աթոռները և ինչ․․․ ի՞նչի արժանացավ։ Դարձավ անարդարության զոհ և իր երկուսների շարքին ավելացրեց ևս մեկը։ Այս երկուսի պատճառով Հենդոն հուսալքվեց և վերջնականապես հիասթափվեց ամեն ինչից։ Առաջին հերթին հիասթափվեց, որ էլ չի կարող մոր համար լինել «տուն պահող» տղա։

Այս պատմվածքն ապացույցն է այն բանի, որ հայոց լեզվի, մաթեմատիկայի կամ օտար լեզուների չիմացությունը դեռ չի նշանակում, որ մարդն անտաղանդ է կամ անպետք։ Կան մարդիկ, ովքեր հատուկ ծնվել են արհեստով զբաղվելու համար և որքան էլ ցանկանան գիտությամբ զբաղվել, չի ստացվելու կամ վատ է ստացվելու։ Ամեն մարդ պետք է զբաղվի այն գործով, ինչն ինքն է ուզում, իր սիրտն է ուզում։ Հակառակ դեպքում չենք ունենա իր գործում վարպետ մասնագետներ, ինչը ցավալի է։

Հենդոն առողջ դատողություն ուներ, ինչը գովելի է։ Երբ հուսալքություն, հիասթափություն զգաց, չկոտրվեց ինքն իր մեջ։ Արհամարհեց իրեն գնահատողին, իրենց «լավ» հարաբերությունները խզեց, և սա իրոք գնահատելի և գովելի քայլ էր։ Հենդոն ինքն իրենից չհիասթափվեց, այլ ուղղակի որոշեց հարաբերությունները խզել մի մարդու հետ, որն իրեն գնահատել էր «իր ստանդարտներով»։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment