Posted in Գրականություն

Չհիշվող պատերազմ

20․10․2021

Կարդում ենք Վանո Սիրադեղյան

Կարդա՜ Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսեն։

1․ Նշիր էսսեում առանցքային 2-3 կետ։

1․ Վանո Սիրադեղյանը նշում է, որ հայերը հայրենասեր են, բայց հենց հերթը հասնում է հայրենիք պաշտպանելուն, միանգամից այդ հայրենասիրությունն անհետանում է։

2․ Հայերը պատերազմը պատկերացնում են այսպես․ լիքը զոհեր, մութ ու ցուրտ կյանք, սով, ավերվածություններ, բնաջնջված երկիր։ Մարդիկ կարծում են, որ քիչ զոհերով պատերազմը պատերազմ չէ, և սա շատ սխալ կարծիք է։

2․ «Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին փաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։

Կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանը շատ է չափազանցրել 50 և 5000 համեմատությունը։ Իրականում Սփյուռքը բավականին օգնություն է հասցրել Հայաստանին և շատ կամավորականներ են եկել Հայաստան, որպեսզի մասնակցեն պատերազմին, որոնցից մեկն էլ Մոնթե Մելքոնյանն էր։ Այս թվի ոչնչություն արտահայտությունը բացարձակապես տեղին չէր, քանի որ այս արտահայտությամբ նա վիրավորում է այն մարդկանց, որոնք մասնակցել են պատերազմին։ Մենք միայն պետք է շնորհակալ լինենք, որ այդ մարդիկ մասնակցել են պատերազմն և մենք ունենք հայրենիք։

3․ «Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում» միտքը, մանավանդ մուգ գրված նաղադասությունները մեկնաբանիր։ Գնահատիր այսօրվա հայաստանյան ժողովրդին։

Եթե լինեմ անկեղծ, ապա վստահ չեմ, որ այս հատվածի գաղափարը ճիշտ եմ հասկացել։ Կարծում եմ Վանո Սիրադեղյանը նկատի է ունեցել այն, որ Սովետական Միության կազմում ապրած մարդիկ սովոր են եղել այդ պայմաններին և պատերազմն իրենց համար այդպիսի նշանակություն չի ունեցել, որքան իրական ՀՀ քաղաքացիների համար, որոնք զոհվել են մարտի դաշտում հանուն հայրենիքի։ Միգուցե սխալ եմ հասկացել իմաստը, բայց ես այսպես եմ կարծում։

Այսօրվա հայ ժողովուրդը փոխվել է, շատ է փոխվել։ Ժամանակները փոխվում են, մարդիկ նույնպես։ Ժամանակի ընթացքում փոխվում է մարդու մտածողությունը, աշխարհայացը։ Մարդը սկսում է ուրիշ ձև նայել աշխարհին և հայերն էլ բացառություն չեն։ Հայերը 44-օրյա պատերազմի ժամանակ ցույց տվեցին, որ փոխվել են։ Բոլորը միասնական էին, մի բռունցք էին, մի ուժ։ Ոչ միայն Հայաստանի հայերն էին միավորվել, այլև ողջ Սփյուռքը։ Սփյուռքից որքան օգնություն, որքան հայեր եկան հայրենիք։ Այդ մի քանի ամիսների ընթացքում մենք տեսանք իրական միավորված ազգ, որը թև ու թիկունք դարձած պաշտպանում էր հայրենիքը։ Սակայն կա մի վատ կողմ։ Մեզ՝ հայերիս, միավորում է վտանգը։ Պարտադիր պետք է մի վտանգ լինի, հետո նոր միավորվենք։ Սա միակ թերությունն է մեր ազգի, որը եթե վերանա, մենք կունենանք իդեալական ազգ և հայրենիք։

4․ Տպավորությունդ գրիր այս էսսեի շուրջ, չմոռանաս ասածդ հիմնավորել նյութից քաղած տողերով։

Այս էսսեն ինձ շատ դուր եկավ։ Մեծամասնությամբ համաձայն եմ Վանո Սիրադեղյանի հետ, քանի որ խոսում էր ճիշտ և բերում փաստեր։ Ինձ համար ամենատպավորիչ հատվածը սա էր․ Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում եւ երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, եւ կեսն է ետ գալիս պատերազմից: Շատ մարդիկ լուրջ չեն վերաբերվում պատերազմներին։ Պատերազմ ասելիս նրանց պատկերացնում են Տիգրան Մեծի կամ Պապ թագավորի ժամանակներում տեղի ունեցած պատերազմները, երբ պատերազմում էին տարիներով, գրավում շատ մեծ տարածքներ, ունենում էին 10000-ավոր զոհեր։ Սա իրոք ցավալի է, որ շատերը լուրջ չեն վերաբերվում պատերազմներին։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment