Posted in Գրականություն

Սիրելու տարիք․ Վանո Սիրադեղյան

13.10.2021

Վանո Սիրադեղյան 75-ամյակի առթիվ կարդում ենք Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունները։

1․ Տեղեկություններ գտիր Վանո Սիրադեղյանի մասին։ Ամենահետաքրքիր տեղեկությունները գրառիր քո բլոգում։

Վանո Սմբատի Սիրադեղյան, ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ։ ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վ.Սիրադեղյանը Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա մարդասպան, տարբեր հանցագործություններ կատարած անձ է, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Այժմ գտնվում է միջազգային հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»

2․ Կարդա՛ «Սիրելու տարիք» պատմվածքը։

3․ Մեկնաբանիր «Նա քաջ գիտեր առաջին զարկի առավելությունը, բայց չէր կարող առանց ուղեղի մթանգնումի մարդու աչքերին նայել ու խփել եւ, որպես կանոն, առաջինը խփում էին իրեն»։ նախադասությունը։

Հեղինակը ցանկանում է ասել, որ տղան շատ լավ գիտեր, որ առաջին հարվածը մեծ առավելություն է տալու իրեն, բայց նա ուղղակի չէր կարող կանգնել մարդու դիմաց, նայել նրա աչքերի մեջ և հարվածել նրան։ Եվ սա էր պատճառը, որ միշտ առաջինն իրեն էին խփում։ Սա այդքան էլ լավ տարբերակ չէ։ Իհարկե լավ է, որ տղան կռվարար չէր և չէր սիրում կռիվներ, բայց պետք չէր կանգնել և սպասել, թե երբ կխբեին իրեն։ Ավելի լավ է ինչ-որ ձևով պաշտպանվեր և հարկ եղած դեպքում պատասխան տար, քան կանգներ և սպասեր, թե երբ իրեն կխփեն։

4․ Բնութագրիր տղային ըստ հետևյալ տողերի. «Եթե առաջ կարելի էր անձնական վիրավորվածությանը կարեւորություն այնքան էլ չտալ, կարելի էր մի բան էլ կուլ տալ, ― հիմա ուրիշ էր։ Իր արժանապատվությունը այսուհետեւ իրենից բացի վերաբերելու է նաեւ մեկին»։

Եթե նախկինում տղան ուշադրություն չէր դարձնում վիրավորանքներին, այդքան ծեծ ու ջարդերին կարևորություն չէր տալիս և կուլ էր տալիս, ապա հիմա այդպես չէր։ Նա սիրահարվել էր և արդեն պետք է իր սիրելի աղջկա մոտ իր պատիվն ու արժանապատվությունը բարձր պահեր։ Նա ցանկանում էր այդ աղջկա վրա լավ տպավորություն թողնել, ուզում էր աղջկա աչքին բարձր երևալ և փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի հասներ իր ուզածին։

5․ Ինչո՞ւ է տղան որոշում, որ «Ելքը այն էր, որ հակակշիռ թշնամանքով մտասեւեռվեր, թշնամանքի օդով սնվելով՝ իր կորովը տեղը պահեր․․․»։

Եթե այդքան ժամանակ տղան ոչ մի հակահարված չէր տվել և լուռ կուլ էր տվել վիրավորանքները, ապա հիմա չէր կարող ոչինչ չանել։ Նա հիմա սիրահարված էր և այդ սերն իրեն ուժ էր տվել։ Նա թշնամանքով էր լցված իրեն ծեծողների հանդեպ և պատրաստվում էր նույն ձևով հակահարված տալ նրանց ու իր պատիվը, ուժը պահեր։

6․ Գտիր հատվածները, որտեղ երևում է, որ տղան պատրաստվում էր սպասվելիք կռվին։

Այնինչ մարմնով պատրաստվում էր գարնան սկզբից։ Ակումբի բակից տուն էր քարշ տվել երկու փթանոց գիրերից մեկը ու կպել դրան․․․ Նրա մարզվելը սկզբում, իրոք, նման էր կպչել-մնալու։ Մետաղը հաստոտ ըմբիշի նման իրար չէր գալիս, տղան թպրտում էր ու պարում էր դրա շուրջը, երկաթը տղային ծալում-ծալծլում-հակում էր հողին, ասես ուզում էր կլանել իր պաղ, հոծ ընդերքը։ Տղան գալարվում, բայց պոկ չէր գալիս։ Երկու ելք կար․ կամ պիտի ինքը երկաթին հլու՝ գետինը մտներ, կամ՝ երկաթը գետնից կտրեր։ Երրորդը չկար։ Թողնել գնալը բացառված էր։ Տղան ասում էր ինքն իրեն․ «Ես՝ չէ, երկաթն է ձեռս բռնել, մինչեւ գետնից չկտրվի՝ բաց չի թողնելու։ Պիտի կտրվի»։

Նա շատ լավ գիտեր, որ մնացած մի քանի ամսում ուժից չի տրաքվելու, բայց որ երկաթը գլխից վեր հանելու ձեւը պիտի գտնվի՝ դա անկասկած էր։ Այն օրը, երբ ծանրությունը գլխից վեր հանես, իր գորժելու ժամն էր լինելու։ Ծրագրված էր երկու կռիվ։ Նույնիսկ երեքը։ Քանիսը որ անհրաժեշտ եղավ։

Հիմա կանգնած է զգեստապահարանի հայելու առաջ, հագած ունի անթեւ շապիկ, բազուկների մկանունքը նորվա ջանքից դեռ փքված են, դաստակը՝ պնդված, եւ կենտրոնացած պատրաստվում է կռվի գնալու մի ոհմակի դեմ եւ հետը գնացող մեկը չունի՝ թիկունքին կանգնի։ Եղբայրը մեծ է, ընկերների ոչ բարով թիկունքը ինքն է, ― այսպես անթիկունք գնալու է նրանց թաղը, ովքեր կռվում են միշտ ոհմակով, միշտ՝ թաղովի, միշտ՝ գեղովի ― նույնիսկ մեկի դեմ։

Տղան անուշ մի թախիծով խղճում էր իրեն։ Կռվի մասին մտածում էր որպես եղած բանի, իրեն տեսնում էր ջարդված, բայց աղջկա աչքերի մեջ շիտակ նայելիս։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment