Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Լուսաբանում

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ»․ Միջազգային գիտաժողովի ամփոփում

Հոկտեմբերի 20-21-ը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում կազմակերպվել էր «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով, որին մենք՝ 11-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողներս նույնպես հնարավորություն ունեցանք մասնակցելու։ Ես երկու օրերի նիստերին էլ մասնացել եմ, բայց տպավորված եմ 2 զեկույցներով, որոնք առաջին օրվա նիստի ժամանակ են հնչել։

Գիտաժողովի առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Ռոբերտ Ղազարյանը։

Զեկույցներ

Կարեն Թոխաթյան (ՊԻ, պ.գ.թ.)․ Թեման՝ Ժայռապատկերների ճանաչում՝ «արհեստական բանականության» կիրառմամբ

Առաջին նիստի առաջին զեկուցողը Կարեն Թոխաթյանն էր, ով ներկայացրեց ժայռապատկերների ճանաչումը, դրանց կարևորությունը և պատմական նշանակությունը։ Ասաց, որ ժայռապատկերներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում մարդկանց կյանքի, բնության, արհեստի ու արվեստի, աշխարհընկալման և մարդկային մտածողության մասին: Նկարների բովանդակային բազմազանության մեջ կա չորս հիմնական ոլորտ՝ բնություն, մարդու առօրյա, ներաշխարհ և արարման արդյունք։ Զեկույցի ընթացքում տեսանք ժայռապատկերների նկարներ, ինչի շնորհիվ ավելի պատկերավոր դարձավ զեկույցը։ Տեսանք, թե ինչպես են ժայռերի վրա պատկերվել կենդանիները, մարդիկ, բնական երևույթները։ Այս զեկույցն ինձ դուր եկավ, քանի որ պարոն Թոխաթյանը պրեզենտացիայի միջոցով մանրակրկիտ ամեն բան ցույց տվեց մեզ և բացատրեց։

Գոհար Վարդումյան (ՊԻ, Հին դարերի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ)․ Թեման՝ Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում

Երկրորդ զեկուցողը ՊԻ-ի Հին դարերի բաժնի վարիչ, պ․գ․թ Գոհար Վարդումյանն էր, ում թեման էր «Հին Հայաստանի պետական կառույցների արտացոլումը դիցապաշտական համակարգերում»։ Բավականին հետաքրքիր էր լսել այս զեկույցը։ Տիկին Վարդումյանը նշեց, որ Հայկական լեռնաշխարհում հազարամյակների ընթացքում բազմազան պետական կազմավորումներ և կառույցներ են ձևավորվել, որոնցից յուրաքանչյուրը ստեղծել է իր պաշտամունքային համակարգը։ Նաև նշեց, որ ամենահինը Մովսես Խորենացու «Պատմություն հայոց»-ից թվերգած երգերի, վիպասանքի տեսքով պահպանվածն է։ Խոսքը «Հայկ և Բել» առասպելի մասին է։ Ըստ այս առասպելի՝ մ․թ․ա 2492 թվականին Հայկ Նահապետը կռվել է երեք հարյուր հոգուց բաղկացած զորքով։ Բելին հաղթելով՝ նա հիմք է դնում հայոց նախնական պետական կառույցին՝ Հայքին։ Հայքի 6-րդ սերունդը՝ Արամ Հայկազունը, իր հիսուն հազարանոց բանակով հաղթում է երեք կողմից՝ արևելքից, արևմուտքից և հարավից, որի արդյունքում էլ ստեղծվում է միավորված երկիր։ Այստեղից գալիս են այն եզրահանգմանը, որ Արամի ստեղծած Հայքը արդեն պետական կազմավորում էր, չնայելով այն փաստին, որ կան մարդիկ, ովքեր գրում են «ցեղային միություններ»։ Սա դասական պետության մոդել է, քանի որ ունի որոշակի տարածք, ունի մշակույթ, լեզու և բոլոր այն ցուցիչները, որոնք պետք են երկիրը պետություն անվանելու համար։ Շատ հետաքրքիր էր այս զեկույցը։

Խոսքս ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ մենք շատ ենք կարևորում նման գիտաժողովներին մասնակից լինելը։ Նմանատիպ գիտաժողովներին մասնակցելով ստանում ենք նոր գիտելիքներ, զեկույցներից բազմաթիվ թեմաների շուրջ մանրամասներ, նոր տեղեկություններ և ամենակարևորը՝ ծանոթանում ենք գիտությունների թեկնածու, դոկտոր, պրոֆեսոր գիտնականների հետ, ինչն օգուտից բացի, ոչ մի վնաս չի տա մեզ։ Ինչպես մնացած գտաժողովները, այնպես էլ այս գիտաժողովը շատ հետաքրքիր, նոր  բացահայտումներով ու ձեռքբերումներով հագեցած և օգտակար գիտաժողով էր։ Մեծ անհամբերությամբ սպասում եմ նոր գիտաժողովների, որոնք, հուսով եմ, շատ չեն ուշանա։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment