Posted in Պատմության ընտրությամբ դասընթաց, Լուսաբանում

Թեյշեբաինիի հետքերով․․․

Հոկտեմբերի 13-ին «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի շրջանակներում այց կատարեցինք «Կարմիր բլուր»/Թեյշեբաինի հնավայր։ Շատ սպասված և խոստումնալից արտագնա պարապմունք էր։ Երբևիցե չէի եղել «Կարմիր բլուր»-ում, այդ պատճառով էլ տպավորություններս աննկարագրելի էին, երբ հասանք հնավայր։ Մեզ դիմավորեց «Կարմիր բլուր» մասնաճյուղի պատասխանատու Արման Եղիազարյանը, ով մանրակրկտորեն ներկայացրեց մեզ Թեյշեբաինիի պատմությունը և պատմեց քաղաքին վերաբերող ամեն մի մանրուքի մասին։ Չնայած այն փաստին, որ մենք նախապատրաստական աշխատանքներ էինք կատարել և մի լա՜վ ուսումնասիրել էինք Թեյշեբաինիի պատմությունը, հարցերն անպակաս էին․․․

Զրուցելով, հարց ու պատասխան անելով, սկսեցինք ամրոցի տարածքով շրջել։ Քաղաքը կառուցել է Վանի թագավորության արքա Ռուսա II-ը։ Քաղաքն անվանվել է Թեյշեբաինի՝ Ուրարտուի պատերազմի աստված Թեյշեբայի պատվին։ Միջնաբերդում բնակվել է բարձր խավը, իսկ միջնաբերդի շրջակայքում՝ միջին և ցածր խավերը։ Ընկեր Արմանը մանրամասն ներկայացրեց Թեյշեբաինիի մշակույթը։ Խորհրդային հնագետ, արևելագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկին, ով ժամանակին պեղումներ է կատարել «Կարմիր բլրի» տարածքում, հրատարակել է մի գիրք, որտեղ գրված է պեղումների շնորհիվ հայտնաբերված ուրարտական նյութերի, իրերի մասին։ Ընկեր Արմանը մեզ այդ գրքի շնորհիվ ամեն բան պատկերավոր ցույց տվեց և բացատրեց։ Ծանոթացանք խեցեղենին, զենք ու զրահին, զարդեղենին։ Ընկեր Արմանը նշեց, որ պեղումների ընթացքում հայտնաբերվել են գինու և գարեջրի կարասներ, կանացի զարդեր, կենդանիների ոսկորներ։ Կարասներում նաև հացահատիկներ են պահվել։ Պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերը պահվում են «Էրեբունի», «Երևանի պատմության» և «Հայաստանի պատմության» թանգարանում։ Ընկեր Արմանը նաև ասաց, որ ցանկանում են «Կարմիր բլուր»-ի տարածքում հայտնաբերված խեցեղենը, զենք ու զրահը և այլ իրեր պահել հենց «Կարմիր բլուր»-ում՝ հատուկ ապակիներով շրջափակված, սակայն ֆինանսները չեն բավարարում և հստակ ոչինչ չի կարող ասվել։ Բլրի շրջակայքում շատ փոսեր կային, որոնք հետո պարզեցինք, որ աղվեսների փոսեր են։ Մոռացա ասել, որ Թեյշեբաինի քաղաքը կառուցվել է Հրազդան գետի ափին և ամրոցի տարծքից շատ լավ երևում է Հրազդանի կիրճը։ Մի նոր և մեծ բացահայտում կատարեցի ինձ համար։ Պարզվում է, որ Հրազդան գետն ունի նաև մեկ այլ անվանում՝ Իլդարունի, որը հիշատակվել է ուրարտական արձանագրություններում։ Ամրոցի տարածքով շարունակեցինք քայլել և հասանք այն հատվածին՝ «թաղամաս»-ին, որտեղ բնակվել են միջին և ցածր խավերը։ Այնքան հետաքրքիր կառուցվածք ունեին այդ տները, կարծես լաբիրինթոս լինեին։ Իհարկե դրանք չեն պահպանվել, սակայն գրքում պատկերված «կենդանացված» տարբերակի շնորհիվ տեսանք, թե ինչպիսի տեսք են ունեցել այդ տները։ Տները միմյանց էին կպած և առանձին մուտքեր ունեին, այդ պատճառով էլ թշնամին չէր կարող առանձին-առանձին գրավել տները։

Մինչև մենք շրջեցինք ամրոցի տարածքով, ծանոթացանք Թեյշեբաինիի պատմությանն ու մշակույթին, մեզ միացավ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, ում հետ մենք ծանոթ էինք դեռ մայիս ամսից, երբ այցելել էինք «Էրեբունի» արգելոց-թանգարան՝ արտագնա պարապմունքներ անցկացնելու։ Երբ պարոն Բադալյանը միացավ մեզ, սկսվեց մեր պարապմունքի երկրորդ և ամենակարևորագույն մասը։ Գնացինք միասին պեղումներ իրականացնելու։ Մենք վառված գերանի մասունքներ և խեցեղեն էինք պեղում։ Վառված գերանը, հավանաբար, տանիքի հետ միասին ընկել էր հրդեհի ժամանակ։ Մեկ ժամ պեղումներ անցկացնելուց հետո, գտանք թռչնակերպ սափորի բռնակ, որը Երվանդունիների ժամամակաշրջանից էր։ Անչափ ոգևորված էինք, որ նման բան էինք հայտնաբերել, բացի այդ, աննկարագրելի ապրումներ և տպավորություններ ունեցանք պեղելու ընթացքում։ Միասին նաև որոշեցինք հողի գույնը, որը նույնպես պեղումների մաս է կազմում։ Այնքան հետաքրքիր էր անցնում մեր ժամանակը, որ չէինք ցանկանում վերադառնալ, բայց ինչ արած, պետք է վերադառնայինք։

Անչափ շնորհակալ եմ պարոն Բադալյանին և Արման Եղիազարյանին նման հետաքրքիր, ուսուցողական և տպավորիչ արտագնա պարապմունքի համար։ Հուսով եմ, որ կրկին կհանդիպենք և ևս մեկ անգամ հետաքրքիր դաս կունենանք։

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար խորհուրդ եմ տալիս դիտել տեսանյութը և անցնել ֆոտոշարքով․

Տեսանյութը՝ Արթենի Ջանիկյանի

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment