Posted in Ճամփորդություններ, Պատմության ընտրությամբ դասընթաց

Բացահայտելով Ջանֆիդան․․․

Երկարատև դադարից հետո ես նորից սկսեցի ճամփորդել։ Բավականին երկար ժամանակ չէի ճամփորդել և շատ էի կարոտել մեր ճամփորդությունները։ Ջանֆիդա գյուղից ուրախ հիշողություններով վերադարձած, հիմա կպատմեմ ձեզ մեր արկածային և հետաքրքիր օրվա մասին։

Մայիսի 12-ին 10-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի և «Ակների» սովորողներով ճամփորդեցինք Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Գյուղի մասին լսել էի հեռուստացույցից, բայց բացարձակապես ոչինչ չգիտեի այդ գյուղի մասին։ Առավոտյան լավ տրամադրությամբ ուղևորվեցինք Ջանֆիդա։ Ողջ ճանապարհին հայկական-ազգագրական երգեր լսեցինք և այդպես ուրախ տրամադրությամբ էլ հասանք տեղ։

Մեզ դիմավորեցին գյուղի դպրոցի ուսուցիչները և սովորողները։ Դպրոց մտնելով՝ հիշեցի նախկին դպրոցս․․․բոլորը դպրոցական համազգեստներով, գիրք ու տետրերով, դասարանի պատերին փակցված նկարներն ու քարտեզը, գրատախտակ, կավիճ․․․Դպրոցի փոխտնօրենը մեզ ներկայացրեց դպրոցը։ Դպրոցում կար «Փառքի սրահ», որը նվիրված էր Արցախյան պատերազմներում զոհված ջանֆիդացիների հիշատակին։ Ինձ համար մեծ բացահայտում էր այն, որ հայտնի «Սև հովազ» կամավորական ջոկատի անդամները Ջանֆիդայից էին։ Փառքի սրահին ծանոթանալուց հետո բարձրացանք դասարաններից մեկը, ծանոթացանք աշակերտների հետ և միասին մասնակցեցինք պատմության դասին։ Ներկայացրինք մեր այցի նպատակը, պատմեցինք կրթահամալիրի, մեր կրթական ծրագրի և համագործակցային-ուսումնական  ճամփորդությունների մասին։ Սովորողները բավականին հետաքրքրված էին կրթահամալիրով և շատ հարցեր տվեցին մեզ, որոնց մենք սիրով պատասխանեցինք։ Մինչ մենք զրուցում էինք, մեզ միացավ դպրոցի տնօրենը՝ Հակոբ Սրեյանը։ Պարոն Սրեյանը և դպրոցի պատմության ուսուցչուհին՝ Անահիտ Ղարիբյանը, մեզ պատմեցին գյուղի պատմական արմատների և գյուղի հետաքրքիր անվան առաջացման մասին։ Գյուղը բնակեցված է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ, Վան, Բայազետ և Մանազկերտ բնակավայրերից գաղթած հայերով՝ իրենց ավանդույթներին, բարբառներին, սովորույթներին, վարք ու բարքին հավատարիմ մարդկանցով։ Պարզվում է, որ գյուղի շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում գտնվել է Երվանդունիների ժամանակաշրջանում օգտագործված կաթսա, որն այժմ գտնվում է պատմության ուսուցչուհու ծիրանի այգում։ Բացի այդ, գյուղին շատ մոտ գտնվող մի բլուր կար, որտեղից գտնվել է Անահիտ աստվածուհու ոսկե դամբարանը։

Դպրոցում շրջելուց հետո, դուրս եկանք բակ՝ միասին երգել- պարելու։ Փոքր շրջայց կատարեցինք դպրոցի տարածքում, ամենուր ծիրանենիներ, վարդատունկեր, կանաչ, որից հետո այցելեցինք գյուղի մանկապարտեզ, որը դպրոցի հարևանությամբ էր։ Բավականին գեղեցիկ և լավ պայմաններով մանկապարտեզ էր՝ հաճելի և ուրախ մթնոլորտով։ Փոքրիկներն այնքան ջերմ ընդունեցին մեզ, որ չէինք ցանկանում մանկապարտեզից դուրս գալ։ Մանկապարտեզում շրջելուց, փոքրիկների հետ շփվելուց  հետո, քայլեցինք գյուղում։ Այցելեցինք Սուրբ Կարապետ եկեղեցի, որը կառուցվել է 2014 թվականին։ Եկեղեցում միասին երգեցինք հոգևոր երգեր, աղոթք արեցինք։ Եկեղեցու բակում շատ գեղեցիկ հուշարձան կար, որը կարող եք տեսնել նկարների շարքում։ Հուշարձանի մոտ միասնական խմբով լուսանկարվեցինք, որից հետո մեր տղաները որոշեցին ֆուտբոլ խաղալ գյուղի տղաների հետ։

Մինչ տղաները ֆուտբոլ էին խաղում, մենք ավելի մտերմիկ միջավայրում շփվեցինք աղջիկների հետ։ Սկսեցինք շատ ջերմ զրուցել, միմյանց հարցեր տալ, միմյանցով հետաքրքրվել։ Եկեղեցու բակում նստած միասին զրուցում էինք տարբեր թեմաներից ու չէինք էլ նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը։ Իդեալական ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց, որտեղ դպրոցի ուսուցիչները հյուրասիրություն էին կազմակերպել մեզ համար։ Մեզ միացավ նաև պարոն Սրեյանը։ Հետաքրքիր զրույց ունեցանք, մենք իրենց շնորհակալություն հայտնեցինք ջերմ ընդունելության և հյուրասիրության համար, իրենք՝ մեզ, որ այցելել էինք իրենց գյուղ։ Էլ ի՞նչ ճամփորդություն և ծանոթություններ, առանց փոխադարձ հրավերի։ Մենք էլ սիրով իրենց հրավիրեցինք մեր կրթահամալիր և նշեցինք, որ անհամբեր սպասելու ենք իրենց՝ արդեն կրթահամալիրում։ Հրաժեշտ տալուց հետու վերադարձանք Երևան՝ կրկին հաճելի երգերի կատարման ներքո։

Ինչ խոսք, շատ հետաքրքիր, օգտակար զրույցներով, բուռն էներգիայով և լիցքերով ճամփորդություն ունեցանք։ Անչափ շնորհակալ եմ դպրոցի ուսուցչական անձնակազմին և սովորողներին՝ մեզ այսքան ջերմ ընդունելու համար։ Սպասում ենք ջանֆիդացիներին մեր կրթահամալիրում։

Author:

Ողջու՜յն... Ես Միլենա Քամալյանն եմ։ Ուրախ եմ, որ այցելել ես իմ բլոգ։ Արդեն 5 տարի է, ինչ սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ապագա թյուրքագետ եմ։ Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ֆիլմեր դիտելով։ Շատ եմ սիրում ճամփորդել ընտանիքիս և ընկերներիս հետ: Հուսով եմ՝ բլոգումս կգտնես քեզ հետաքրքրող նյութեր😊

Leave a comment